Իմ թանկ երիտասարդնե՛ր և ոչ միայն․

Չեմ կարող իմ սրտի խոսքով և հորդորով չդիմել ձեզ այս կարևոր օրերին։ Կասկածից վեր է, որ ձեր քաղաքացիական բարձր գիտակցությունը, երկրի և ազգի հանդեպ սրտացավ վերաբերմունքը հիացմունքի է արժանի և այն կոտրելու իրավունք ոչ ոք չունի։ Սա զարթոնք է, վերածնունդ, այլևս Հայաստանը երբեք հինը չի լինելու։

Հիանում եմ, որ հնչում են միայն խաղաղության կոչեր և խրախուսվում է պայքարի խաղաղ ուղին։ Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ հույզերն ու զգացմունքներն այժմ բարձրակետին են, և այս պայմաններում կարևոր է, որ դուք պահպանեք ձեր քրիստոնեական էությունը՝ որպես խաղաղության որդիներ, ովքեր մարդկանց միայն սեր են պարտք։ Խնդրում եմ, որ երբեք չկորցնեք ողջամտությունը, և թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը թագավորեն ձեր սրտերում։

Մենք ձեզ հետ ենք, մեր ազգի կողքին։

Աղոթում ենք, որ մեր Երկնային Հոր պաշտպանությունը լինի հայ ազգի վրա, և Տերը օրհնի մեր երկիրը։