Աստծո Խոսքն անդրադառնում է մի հետաքրքիր երևույթի, որ արդիական է մեր օրերում: Աշակերտները տեսել էին մեկին, ով Հիսուսի անունով դևեր էր հանում, բայց իրենց չէր հետևում, ուստի արգելել էին նրան: Հիսուսը նրանց պատասխանում է. «Մի’ արգելեք նրան, որովհետև ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է» (Ղուկ. 9.50):

Մենք տեսնում ենք, որ աշխարհն այսօր լցված է ատելությամբ, քրիստոնեական եկեղեցիները նույնպես հանդուրժողականություն չունեն միմյանց հանդեպ, փոխհարաբերություններում սեր չկա: Պատճառն այն է, որ ամեն մարդ մտածում է, թե միայն իր եկեղեցին է ճիշտ, և ով իր եկեղեցուց չէ՝ սխալ է:

Սակայն ոչ թե եկեղեցին է ճիշտ, այլ Քրիստոսը: Այն եկեղեցին, որ հետևում է Հիսուս Քրիստոսին և պահում Նրա պատվիրանները, ճիշտ ուղղու վրա է: Քրիստոսը հանդիմանում է Իր աշակերտներին և ասում. «…ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է»: Այսինքն՝ այն մարդը կամ եկեղեցին, որ Քրիստոսին հակառակ չէ, պաշտում, պատվում ու երկրպագում է Նրան, բնականաբար, Քրիստոսի կողմն է: Միգուցե որոշ հարցերում մեզ չի հասկանում, բայց դա չի նշանակում, թե նա սխալ է:

Սիրելինե’ր, ունեցեք փափուկ սիրտ և, ամենակարևորը, սիրեք միմյանց: Նշանակություն չունի, թե ձեր դիմացինը որ եկեղեցուց է. եթե նա սիրում և հետևում է Քրիստոսին, օրհնե’ք նրան՝ առանց նայելու արտաքին տեսքին, ունեցվածքին, կրթությանն ու կարողությանը: Եկեք բարձրացնենք միմյանց: Քրիստոսն ասաց` ով որ մեզ հակառակ չէ, մեզ հետ է:

Եղեք օրհնված: Ամե’ն: