Քրիստոնյայի բերանից ոչ մի գեշ խոսք չպետք է դուրս գա: Լինելով քրիստոնյա՝ շատերը չարությամբ են լցված իրենց շրջապատի հանդեպ: Իհարկե, դրսում բոլորի հանդեպ շատ քաղաքավարի և բարյացակամ են, բայց ընտանիքում միմյանց գեշ խոսքեր են ասում, չարախոսում, բամբասում: Ես նկատի ունեմ ծնող-երեխա, ամուսին-կին փոխհարաբերությունները:

Աստծո Խոսքը մեզ հորդորում է, որ ոչ մի գեշ խոսք դուրս չգա մեր բերանից:  Ինչպիսի խոսքեր են հաճելի Տիրոջը: Գրված է. «…բայց այն, որ բարի է, շինության համար, հարկավոր, որ շնորհք տա լսողներին»: Մենք պետք է այնպիսի խոսքեր ասենք, որ լսողը շնորհք և շինություն ստանա, մխիթարությամբ և հավատքով լցվի:

Հակոբոսն ասում է. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է…» (Հակոբ. 3.2): Եկե’ք ապրենք Աստծո Խոսքով: Սանձե’նք մեր լեզուն, որ կատարյալ լինենք:  Շնորհքով և բարի բաներ խոսենք:

Սիրելինե’ր, եթե միմյանց գեշ խոսքեր եք ասել, ապաշխարե’ք և Տիրոջ օրհնությունը տարածե’ք աշխարհում: Ամե’ն: