Այստեղ գրված է Սուրբ Հոգով աղոթքի մասին: Աստծո Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև մենք չգիտենք, թե ինչի համար պիտի աղոթենք, բայց Նա անբարբառ հառաչանքներով բարեխոսում է մեզ համար:

Շատերը չեն ընդունում, երբ խոսում ես Սուրբ Հոգով մկրտվելու, այլևայլ լեզուներով աղոթելու մասին: Սակայն մենք իրավունք չունենք չընդունելու այն, ինչ գրված է Աստծո Խոսքում: Սուրբ Հոգու լեզուները պարգև են Տիրոջից: Կան մարդիկ, ովքեր ունեն լեզուների թարգմանության պարգև և կարողանում են թարգմանել օտար լեզուներով աղոթքը:

Այլևայլ լեզուներից բացի կան նաև անբարբառ հառաչանքներ: Դանիելի մարգարեության գրքում գրված է, թե ինչպես Բաղդասար թագավորի պալատում մի ձեռք հայտնվեց և պատին գրեց. «Մանե, մանե, թեկեղ ու փարսին»: Այս խոսքերը շատ նման են անբարբառ հառաչանքների: Միայն Դանիելը կարողացավ թարգմանել անհասկանալի գիրը: Նա թագավորին ասաց. «Այս է խոսքի մեկնությունը. Մանե, Աստված համարել է քո թագավորությունը և նրան վերջ տվել…» (Դանիել 5. 26):

Մեկ բառը մի ամբողջ նշանակություն ուներ: Պատկերացրեք, թե ինչ խորհուրդներ ենք խոսում Աստծո հետ, երբ անդադար աղոթում ենք Սուրբ Հոգով:

Ոմանք հարցնում են՝ ի՞նչ կարիք կա Սուրբ Հոգով աղոթելու: Կարծում եմ՝ Աստված չի ցանկանում, որ սատանան իմանա մեր խնդիրների մասին և դրանք օգագործի մեր դեմ: Սուրբ Հոգին լավ գիտի, թե ինչ կա մեր ներսում, և անբարբառ հառաչանքներով բարեխոսում է մեզ համար: Այդ հառաչանքները կարծես կոդավորված բառեր լինեն, որոնք բարձրանում են Տիրոջ գահի առջև: Եվ Տերը հասկանում է, թե ինչ է ասում Հոգին (տե’ս Հռոմ. 8.27):

Հավատացե’ք, սիրելինե’ր, մենք ինքներս չգիտենք, թե ինչ է հարկավոր մեզ, բայց Սուրբ Հոգին գիտի: Մի’ դադարեք Սուրբ Հոգով աղոթելուց, որովհետև Հոգին բարեխոսում է ձեզ համար, և Աստված պատասխանում է ձեր աղոթքներին` զորացնելով և օգնելով ձեզ:

Եղեք օրհնված: Ամե’ն: