Հոբի գիրքը խորը և իմաստալից գիրք է: Հոբին կոչում են երանելի, թեև նա անցավ ամենատարբեր հալածանքների և չարչարանքների միջով: Նա մի անձնավորություն էր, ով փորձվեց և ընտիր գտնվեց:

Սատանան կասկածի ենթարկեց մարդու հավատարմությունը, բայց Հոբն ապացուցեց, որ եթե մարդը սիրում է Աստծուն, այդ սերը հավիտյան է: Սատանան  տեսավ, որ եթե Աստծո զավակները որոշում են կայացնում հետևելու Տիրոջը, մինչև վերջ հավատարիմ կմնան:

Հոբն ասում էր. «…այն երկյուղալի բանից, որ վախենում էի, հանդիպեց ինձ, և ինչից որ սարսրում էի, հասավ ինձ»: Պարզվում է, որ այս աշխարհում իսկապես նման բան կա` ինչից վախենում ես, գլխիդ է գալիս: Մասնագետները նույնպես ասում են, որ եթե մարդը վախենում է ինչ-որ բանից, օրինակ` գլխացավից, անպայման գլխացավ կունենա:

Սա բացատրվում է նրանով, որ վախը նույնպես հավատք է: Եթե մարդը մի բանի հանդեպ հավատք չունենա, երբեք չի վախենա դրանից: Ահա թե ինչու պետք է գնալ եկեղեցի, լսել Աստծո Խոսքը, շփվել հավատացյալների հետ: Այս ամենը մեզ կօգնի՝ լցվելու Աստծո հավատքով, ոչ թե հավատալու և սպասելու սխալ բաների: Վախը քայքայում է առողջությունը: Տեղ մի՛ տուր վախին քո կյանքում:

Եթե Աստծո Խոսքում ասվում է` ինչից վախենում էի, հանդիպեց ինձ, ուրեմն ավելի լավ է Աստծուց վախենալ: Շատ անգամ մարդիկ չեն վախենում շնություն գործելուց, բայց վախենում են առնետներից, միջատներից: Եթե Տիրոջից վախենանք, այլևս ոչ մի բանից չենք վախենա, նույնիսկ մահից:

Այսօրվա իմ խորհուրդն է, որ Աստծո երկյուղ ունենաք: Վախեցե՛ք Աստծուց, և Աստված կհանդիպի ձեզ: Երբ Նա գա, ձեզ կօրհնի, որովհետև Նա սիրող Հայր է:

Եղեք օրհնված: Հետևե՛ք Աստծուն: Ամե՛ն: