Աստծո Խոսքն ասում է, որ մարդը ինչ որ ցանի, դա էլ կհնձի: Մարմնի մեջ ցանես՝ մարմնից կհնձես, հոգու մեջ ցանես՝ հոգուց կհնձես: Եկել է ժամանակը, որ մտածենք, թե որտեղ ենք ավելի շատ ներդրում կատարում:

Գործարար մարդիկ միշտ մտածում են, թե որտեղ ներդնեն իրենց գումարները, որ պտուղ ստանան: Ոչ ոք հետաքրքրված չէ իր գումարները ներդնելու այնպիսի հողում, որը պտուղ չի տալիս:

Մենք շատ անգամ սերմում ենք մարմնի մեջ և մարմնից ապականություն հնձում: Սակայն Աստվածաշունչն ասում է, որ հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի: Հոգու մեջ սերմել նշանակում է ամեն օր կարդալ Աստծո Խոսքը և հարատևել աղոթքներում:  Մեր օրը չպետք է եզրափակվի առանց աղոթքի և Աստծո Խոսքի:

Բարեգործությունը նույնպես հոգևոր աշխատանք է: Աստվածաշունչը մեզ հորդորում է, որ չձանձրանանք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին պիտի հնձենք:

Հոգու մեջ սերմելով` մենք կլուսավորվենք, արթնություն կապրենք և պտղաբեր կդառնանք: Հավատացած եմ, որ վերջին ժամանակների քրիստոնյան հենց այսպիսին պետք է լինի, որ ոչ միայն ժառանգի Երկինքը, այլև դառնա Քրիստոսի նման և շատ պտուղ բերի Աստծո արքայության համար:

Թող Տերը մեզ լուսավորի, և Նրա փառքը լինի մեզ վրա, որ հարատևենք աղոթքի, Խոսքի և բարեգործության մեջ:

Եղեք օրհնված Տիրոջ զորությամբ: Ամե՛ն: