Այսօր մեր շուրջը բազմաթիվ մարդիկ կան, ովքեր զրկանքներ և կորուստներ են կրել, ապրում են նեղության և վշտի մեջ: Ի՞նչը կարող է օգնել և բարձրացնել նրանց, եթե ոչ մխիթարությունը: Աստված մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել ուրիշներին, դառնալ «մխիթարության որդիներ»:

Հաճախ քրիստոնյաներն այնքան տարված են լինում իրենց անձնական խնդիրներով, որ ուրիշներին ուշադրության արժանացնելու փոխարեն իրենք են երեխաների նման ուշադրություն պահանջում: Ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է եսասեր լինել և ապրել միայն սեփական բարօրության համար, երբ ընդունել ես Աստծուն և ծառայում ես եկեղեցում:

Սուրբ Հոգին մխիթարության Հոգին է: Եվ եթե մեր կյանքում ընդունել ենք Աստծուն, նշանակում է` մխիթարության Հոգին բնակվում է մեր մեջ: Պարզապես պետք է թույլ տանք, որ Նա փոխի մեր բնավորությունը, որպեսզի կարողանանք նկատել ուրիշների ցավը, վիշտը, կորուստը, զրկանքը, և մխիթարել նրանց:

Ինչպե՞ս կարելի է մխիթարել մարդկանց: Մի դեպքում մարդուն կմխիթարի մեր բարությունն ու քաղցրությունը, մեկ այլ դեպքում` նյութական աջակցությունը, Աստվածաշնչից մեջբերված խոսքը, քաջալերական և խրախուսական հորդորները և այլն:

Հավատացե՛ք՝ այն մարդը, ով իր սխալի կամ հիմարության պատճառով ծանր դրության մեջ է հայտնվել, մեր բարոյախրատական ճառերի կարիքը չունի. նրան մխիթարություն է հարկավոր: Եթե քո շրջապատում այդպիսի մարդիկ կան, նրանց մի՛ ճնշիր քո խրատներով, որովհետև նրանք առանց այդ էլ ճնշված են: Այցելի՛ր նրանց մխիթարելու և բարձրացնելու նպատակով, իսկ եթե մխիթարական խոսքեր չունես, ավելի լավ է լռես:

Հոբի և նրա բարեկամների օրինակը շատ կարևոր է մեզ համար: Հոբը, լինելով մեծահարուստ, օրերից մի օր աղքատացավ, կորցրեց իր զավակներին և զրկվեց առողջությունից: Կինը նրան խորհուրդ տվեց, որ անիծի Աստծուն և մեռնի:

Երբ Հոբը հող ու մոխրի մեջ նստած սգում էր, ընկերները եկան նրա մոտ, բայց ոչ թե նրան մխիթարելու, այլ խրատներ տալու: Աստված նրանց հանդիմանեց Հոբին նախատելու համար, իսկ Հոբին արդարացրեց` վերականգնելով թե՛ նրա առողջությունը, թե՛ ընտանիքը, թե՛ ունեցվածքը:

Գործք առաքելոցում գրված է Հովսես անունով մի հրաշալի անձնավորության մասին, ով Հոբի ընկերների հակապատկերն էր: Երբ առաքյալները նեղության մեջ էին, նա իր ագարակը վաճառեց և գումարը դրեց նրանց ոտքերի առջև: Մենք կարող ենք ենթադրել, որ այդ գումարը առաքյալներին օգնեց՝ հոգալու ոչ միայն Ավետարանի ծախսերի, այլև իրենց անձնական կարիքների մասին: Եվ առաքյալները նրան կոչեցին Բառնաբաս, որ նշանակում է` «մխիթարության որդի»:

Սիրելինե՛ր, եկեք հրաժարվենք եսասիրությունից, անտարբերությունից, երեխայությունից, և թույլ տանք, որ Աստված մեզ դարձնի «մխիթարության որդիներ»: Համոզված եմ, որ աշխարհն այսօր ավելի շատ «մխիթարության որդիների» կարիք ունի, քան` վարդապետների: