Այս շաբաթ մենք խոսում ենք խաղաղության մասին: Երեկվա խոսքը մեզ սովորեցրեց, որ խաղաղություն ունենալու համար ստեղծագործական աշխատանք է պահանջվում. առանց ջանքի՝ մենք չենք կարող խաղաղություն ունենալ: Այսօրվա խոսքը մեզ հորդորում է, որ վրեժխնդրություն չանենք մեր անձերի համար, այլ ձգտենք, որքան մեզնից է կախված, խաղաղություն պահպանել բոլորի հետ:

Իհարկե, կլինեն դեպքեր, երբ մարդիկ կհրաժարվեն մեզ հետ խաղաղություն ունենալուց: Այդ ժամանակ Աստված մեզ կասի. “…վրեժխնդրությունն Իմն է, Ես հատուցումը կտամ”:
Սիրելինե’ր, եթե վիճել եք մեկի հետ, գնացե’ք և ներողությո’ւն խնդրեք նրանից: Նշանակություն չունի, թե ով է մեղավոր` դո՞ւք, թե՞ նա, որովհետև Աստծո Խոսքն ասում է. “…եթե քո եղբայրը քո դեմ մեկ բան ունի, …գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ” (Մատթ. 5.23,24):
Եթե ներողություն խնդրեք, բայց նա ձեզ չների, գնացե’ք նրա ընտանիքի անդամների մոտ և խնդրե’ք նրանց միջամտությունը: Եթե նրանց էլ չհաջողվի ձեզ հաշտեցնել, որևէ հարմար առիթ փնտրե’ք ու ևս մեկ անգամ նվերով գնացե’ք նրա մոտ:
Եթե ամեն ինչ անեք, բայց ոչ մի արդյունքի չհասնեք, Աստծուն կարող եք ասել. “Տե’ր, ես ամեն ինչ փորձեցի, բայց ոչինչ չստացվեց, խնդրում եմ, օգնի’ր ինձ”: Այդ ժամանակ Տերը ձեր անձի համար վրեժխնդրություն կանի և հատուցումը կտա: Իսկ մինչ այդ, որքան ձեզնից է կախված, ամեն մարդու հետ խաղաղություն ունեցե’ք: Ամե’ն: