Յուրաքանչյուր ոք, ով հավատում է Աստծուն, անշո’ւշտ, կցանկանա Աստծո որդի կոչվել: Աստվածաշունչն ասում է. “Երանի՜ խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն”:

Այս խոսքերը մեզ կոչ են անում՝ խաղաղություն ունենալու բոլորի հետ, որպեսզի արժանի լինենք Աստծո որդիներ կոչվելու:
Այսօր տարբեր կրոններ կան, և շատերին հետաքրքրում է, թե որ կրոնն է ճշմարիտ:
Ծառը պտղից է ճանաչվում: Այն կրոնը, որ ոչ թե խաղաղություն է տարածում, այլ կռիվներ ու թշնամություններ է սերմանում, չի կարող ճշմարիտ լինել:
Քրիստոնեությունը խաղաղություն է քարոզում, և Աստծո ճշմարիտ զավակները երբեք չեն շեղվում իրենց հավատքի սկզբունքներից. նրանք պահպանում են խաղաղությունը:
Հիսուս Քրիստոսն այնպես էր ապրում երկրի վրա, որ երկինքը բացվեց և մի ձայն լսվեց, որ ասում էր. “Սա է Իմ սիրելի Որդին, որին Ես հավանեցի” (Մատթ. 3.17):
Եկեք այնպես ապրենք և գործենք, որ երկինքը բացվի մեր գլխավերևում, և Աստված Ինքը հաստատի, որ մենք Իր զավակներն ենք:
Ստեփանոսը՝ հավատքով և զորությունով լցված, մեծամեծ հրաշքներ ու նշաններ էր անում ժողովրդի մեջ: Երբ ամբաստանություն եղավ նրա դեմ, և որոշեցին նրան քարկոծել, նա նայեց երկինք և, տեսնելով Աստծո փառքը, ասաց. “Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդին կանգնած Աստծո աջ կողմում” (Գործք 7.55): Այո’, կան դեպքեր, երբ Մարդու Որդին կանգնած ողջունում է Իր զավակներին:
Սիրելինե’ր, լցվե’ք խաղաղությամբ, խաղաղություն ունեցե’ք բոլորի հետ և Աստծո խաղաղությունը տարածե’ք ամենուրեք: Ամե’ն: