Վերջին օրերի ընթացքում քաղաքում արդեն վեց բողոքի ցույցեր եմ հաշվել, տեսել եմ, թե ինչպես են մարդիկ ինչ-որ բան պահանջում, որոշ դեպքերում անհասկանալի է նաև, թե ումից։

Նախևառաջ սկսեմ Երևանի քաղաքապետարանից։ Գիտեմ, որ պոպուլյար բաներ չեմ ասելու, բայց ինձ համար սկզբունքները կարևոր են։ Հինգ րոպե կանգնեցի, լսեցի, որ քաղաքապետի հրաժարականն էին պահանջում։ Մի քանի հոգու հարցրեցի՝ պատճառը ո՞րն է, ի՞նչ է արել։ Ոչ ոք հստակ պատասխան չտվեց, ուղղակի ասացին, որ ուզում են՝ քաղաքապետը հեռանա։ Այնքան կուզենայի, որ երբ մարդիկ բողոքում են, կարողանան հասկանալի բացատրել, թե որն է իրենց պահանջի հիմքը։

Բացի այդ, եթե քաղաքապետը պետք է հրաժարական տա միայն այն պատճառով, որ նա հանրապետական է, ապա սիրելի՛ ժողովուրդ, մենք ազատության դեռ չենք հասել։ Գիտե՞ք՝ քաղաքապետը ո՛չ իմ բարեկամն է, ո՛չ էլ ընկերը, բայց ինձ համար ընդունելի չէ, երբ մարդիկ հրաժարական են պահանջում՝ հիմնավորելով, թե նա մեր թիմից չէ, կա՛մ մենք նրան չենք համակրում, կա՛մ էլ նրա կուսակցական պատկանելությունը մեր դուրը չի գալիս։ Այլ ծանրակշիռ և հիմնավոր փաստարկներ են հարկավոր։

Այնքան կուզենայի, որ մենք մի ծայրահեղությունից չընկնեինք մյուս ծայրահեղության մեջ։ Կարևոր է, որ պահպանենք սիրո և համերաշխության մթնոլորտը։

Ոմանք միանգամից բողոքում են և անհապաղ լուծում պահանջում իրենց խնդիրներին՝ մոռանալով, որ կառավարությունը մեկ շաբաթ է, ինչ աշխատում է, այն էլ՝ շատ ծանր պայմաններում։ Նոր վարչապետն արդեն հասցրել է մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպել, քննարկել Հայաստանի համար կարևոր հարցեր։

Ներքին կյանքում որոշ փոփոխություններ արդեն իսկ շատ երևացող են, մի՞թե չենք կարող հասունություն և համբերություն դրսևորել, ժամանակ տալ, որ կառավարությունն աստիճանաբար, քայլ առ քայլ լուծում տա կուտակված խնդիրներին։

Ես հորդորում եմ՝ ժամանակն է ազատվել հեղափոխական հոգուց և սկսել համերաշխությամբ կառուցել մեր երկիրը։ Եկեք ամեն մեկս փորձենք քարը քարի վրա դնել, կառուցել, այլ ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը մեզ հաց կբերի կամ որևէ լավություն կանի։

Սիրելինե՛րս, այսօր ավելի, քան երբևէ սերը մեզ պետք է օդ ու ջրի պես։ Համբերությունը ոսկու գին ունի։ Կառուցողական աշխատանքն անփոխարինելի է։ Աղոթքները թթվածնի պես անհրաժեշտ են։