Հովիվ Արթուրը գագաթաժողովի վերաբերյալ իր տպավորություններով կիսվեց հարցազրույցի ընթացքում:
Հովիվ Արթուր, ինչպե՞ս կգնահատեիք Վաշինգտոնում ընթացող համաշխարհային գագաթաժողովի նշանակությունը, դերը և ազդեցությունը։
Հալածվող քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված նման կարգի համաշխարհային համաժողով առաջին անգամ է տեղի ունենում։ Այստեղ ներկա են աշխարհի 150 երկրներից ժամանած շուրջ հազար մասնակիցներ` բոլոր հիմնական քրիստոնեական եկեղեցիների և հարանվանությունների եպիսկոպոսներ, հովիվներ, ինչպես նաև ազդեցիկ պետական և քաղաքական դեմքեր, մասնավորապես` ԱՄՆ֊ի փոխնախագահ Մայք Փենսը։

Ի դեպ, այն էկումենիկ ժողով չէ, այլ Ավտարանականների կազմակերպած համաշխարհային գագաթաժողով, որին մասնակցում են թե Հռոմի կաթոլիկ, թե Ռուս և Հույն Ուղղափառ, և թե բողոքական֊ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ, և բոլորը խոսում են հանուն քրիստոնյաների պաշտպանության։ Մասնակիցների նման շրջանակն արդեն իսկ խոսում է այս գագաթաժողովի կարգավիճակի և ազդեցության մասին։ Կարծես` քրիստոնյաների հալածանքը միաբանել է բոլորին։

Քրիստոսն ասաց՝ ձեզ կհալածեն։ Մի կողմից կատարվում է Աստծո Խոսքը, մյուս կողմից՝ մենք չպետք է քնած լինենք, այլ պետք է արթնանանք և պաշտպանենք մեկս մյուսին։ Այս առումով տվյալ համաժողովը շատ ակտուալ և անհրաժեշտ քայլ էր, որտեղ հզոր կերպով հնչում է ինչպես Քրիստոսի եկեղեցու, այնպես էլ քրիստոնյա քաղաքական առաջնորդների ձայնը` ի պաշտպանություն հալածվող քրիստոնյաների։

Ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեիք գագաթաժողովում հնչած ուղերձներից։

Իհարկե, բոլոր խոսնակների ելույթները, ցուցադրված տեսանյութերը, բարձրացված աղոթքները շատ ազդեցիկ էին։ Հատուկ ընդգծվեց, որ քրիստոնեությունն այսօր ամենահալածված հավատքն է աշխարհում։ Միջազգային տվյալներով` ավելի քան 200 մլն քրիստոնյաներ ենթարկվում են հետապնդումների և չարչարանքների իրենց հավատքի համար։

Ինձ շատ դուր եկավ ԱՄՆ֊ի փոխնախագահ Մայք Փենսի ելույթը։ Գրավիչն այն էր, որ նա խոսեց մոտ 20 րոպե, բայց առանց թղթի, ուղղակի իր սրտից։ Նախևառաջ՝ նա հստակ հայտարարեց, որ ինքը և ԱՄՆ֊ի նախագահ Դոնալդ Թրամպը քրիստոնյա են։ Ամերիկան շատ երկար էր սպասել այն բանին, որ նախագահը կհռչակի, որ ինքը քրիստոնյա է։

Մայք Փենսը նշեց նաև, որ մենք ձեր եղբայրն ենք ու կանգնած ենք ձեր կողքին` ի պաշտպանություն աշխարհի բոլոր հետապնդվող քրիստոնյաների։

Նա համարձակ հայտարարեց, որ իսլամիստ ահաբեկիչների կողմից քրիստոնյաների դեմ իրականացված չարագործությունները  ցեղասպանություն են, ուստի եկել է իրերն իրենց իսկական անուններով կոչելու ժամանակը։ Սա առաջին անգամ բարձրաձայնվեց պետական մակարդակով և կարելի է ասել, որ այս ուղերձը վերջին տարիներին արված ամենալուրջ գնահատականն էր այն ամենի, ինչ կատարվում է քրիստոնյաների դեմ։

Ես հատուկ կառանձնացնեի նաև Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակության ղեկավար, մետրոպոլիտ Իլարիոնի և Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի ելույթները։ Ներկայումս քրիստոնյաների դեմ իրականացվող հալածանքների համատեքստում մետրոպոլիտ Իլարիոնը հիշատակեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը  Օսմանյան կայսրությունում, իսկ լորդ Ալթոնը շեշտեց, որ Հիտլերը չէր որոշի կործանել մի ամբողջ ազգ, եթե աշխարհն աչք չփակեր Հայոց ցեղասպանության վրա։ Նա երեք անգամ նշեց Ցեղասպանությունը՝ միացնելով այն քրիստոնյաների հալածանքին։

Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր մասնակից ընդհանուր տարրայից պետք է հաներ թևնոց, որոնց վրա նշված է մի երկիր, որտեղ քրիստոնյաները հալածվում են, և այդ եկեղեցին պետք է աղոթի տվյալ երկրի համար։ Ինձ բաժին հասավ Սիրիան։

Հովիվ Արթուր, ձեր կարծիքով` արդյոք բավականաչափ քայլեր արվո՞ւմ են քրիստոնյաների պաշտպանության համար։

Գիտեք` ես չեմ կարող ասել, որ մինչև հիմա ոչինչ չի արվել քրիստոնյաների պաշտպանության համար, բայց հաստատ չենք էլ կարող ասել, որ այդ ուղղությամբ արվել է ամեն հնարավորը։

Այս Համաշխարհային գագաթաժողովը ես համարում եմ շատ լուրջ քայլ. նախ, որովհետև այստեղ հավաքվել են այսքան հոգևոր առաջնորդներ, և երկրորդ, որ պետական մակարդակով հայտարարվում է քրիստոնյաների պաշտպանության մասին։

Պետք է ասեմ, որ ինձ ցնցեց այն հովիվների և ծառայողների ելույթները, ովքեր հալածվում են իրենց երկրներում։ Նրանք բոլորովին լցված չէին վրեժխնդրությամբ ահաբեկիչների նկատմամբ, այլ ավելի խոսում էին այն մասին, որ իրենց զենքը սերն ու ներումն է:

Նրանք նշում էին, որ իսլամիստական խմբավորումներն իրենց հալածանքներով ավելի են միաբանել քրիստոնյաներին, և որ իրենք մտածում են այն մասին, թե ինչպես սիրով և Ավետարանի քարոզչությամբ ահաբեկիչներին և նրանց ընտանիքներին բերեն փրկության։
Նրանց խոսքերն իսկապես շատ հզոր էին․ «Ահաբեկիչները քանդեցին մեր տները, մենք հավաքվեցինք՝ միասին մեկ տեղում ապրելու։ Նրանք կործանեցին տասը եկեղեցի, մենք ստացանք մի մեծ եկեղեցի»։
Այնպես որ, այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին Վաշինգտոնում, շատ կարևոր և ազդեցիկ է, ու ես հավատում եմ, որ դա մեծ արդյունքներ է ունենալու։
Իհարկե, այնքան միամիտ չպետք է լինենք` կարծելու, թե աշխարհում կվերանան քրիստոնյաների հալածանքները, բայց որ այսպիսի մասշտաբով հայտարարվում է քրիստոնեությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին, անչափ դրական է։