ՕՐՎԱ ԽՈՍՔ

01.02.2021 / Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար: Տիտոս 2.11

Այսօր ոչ բոլորին է հայտնի Աստծո շնորհքի գաղտնիքը: Եթե քրիստոնյաները հասկանան, թե ինչ է շնորհքը, եկեղեցին աննկարագրելի հաջողությունների կհասնի:

Հայերենում շնորհք բառը շատ ճիշտ է գործածվում: Օրինակ՝ երբ երիտասարդն առանց աշխատելու, լավ ավտոմեքենա է վարում, ասում են, որ դա ոչ թե նրա, այլ նրա հոր շնորհքն է:

Աստծո շնորհքը մեզ տալիս է այն ամենը, ինչ չենք կարող ձեռք բերել մեր ուժերով:
Մարդկային ընդունակություններով ու կարողություններով կարելի է հասնել մեծ հաջողությունների, իսկ Աստծո շնորհքով՝ գերբնական արդյունքների:

Գրված է, որ շնորհքը փրկարար է ամեն մարդու համար, այսինքն` մենք Աստծո շնորհքով ենք փրկված, ոչ թե մեր գործերով: Ոչ ոք չի կարող իր ջանքերով հավիտենական կյանք վաստակել:

Մենք Աստծո շնորհքի կարիքն ունենք նաև մեր կյանքի մյուս բնագավառներում՝ առողջական, ֆինանսական և այլն, որովհետև շատ անգամ մեր բնական կարողություններն ու ջանքերն անզոր են՝ մեզ օգնելու: Առանց շնորհքի՝ չենք կարող նաև Տիրոջ գործերը կատարել:

Եթե դու հաջողությունների ես հասել քո ընդունակությունների և ջանքերի շնորհիվ, չես կարող ասել, որ դա Աստծո շնորհքն է: Շնորհքը գործում է, երբ գիտակցում ես, որ մարդկային ուժերով ոչինչ չես կարող անել:

Սիրելինե’ր, քննե’ք ձեր կյանքը և տեսեք, թե ինչի եք հասել ձեր ուժերով, և որտեղ է, որ Աստծո շնորհքի կարիքն ունեք: Ապավինե’ք Տիրոջը, մնացե’ք Նրա շնորհքի մեջ, որ կատարեք այն գործերը, որոնք մարդկային տեսանկյունից անհնարին են թվում: