ՕՐՎԱ ԽՈՍՔ

01.06.2021 / Սերն առանց կեղծավորության. չարն ատեք, բարիին հետևեք: Հռոմեացիներին 12.9

Հրաշալի խոսքեր են գրված Աստվածաշնչում. «Սերն առանց կեղծավորության…»: Այսօր շատերն են միմյանց ասում. «Ես քեզ սիրում եմ», բայց հենց որ նրանցից մեկը մի սխալ է թույլ տալիս, անմիջապես գալիս է ատելությունը: Դա նշանակում է, որ նրանց սերն անկեղծ չէր: Իսկական սերը չի նկատում մարդու թերություններն ու վատ կողմերը:
Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 13 գլուխն ամբողջությամբ բացատրում է, թե որն է իսկական սերը: Գրված է՝ սերը չի լրբանում, իրենը չի որոնում…
Երբ ինչ-որ մեկի հետ շփվելիս մեր շահն ենք փնտրում, նշանակում է՝ նրա հանդեպ սեր չունենք: Դա վերաբերում է նաև ամուսնությանը, երբ մարդիկ փողի համար են ամուսնանում կամ էլ նրա համար, որ իրենց մասին չասեն, թե «տանը մնաց»: Եթե ամուսնական կյանքում անկեղծ սեր լինի, երջանկություն էլ կլինի, որովհետև սերը երջանկության բանալին է:

Աստծո Խոսքն ասում է. «…չարն ատեք, բարիին հետևեք»: Հնարավոր չէ բարիին հետևել, եթե չարը չատես:
Սիրելինե’ր, մենք լավ գիտենք, թե որն է չարը: Եկեք իրականում չարն ատենք, և բարիին հետևենք, ուղղենք մեր անձերը, որպեսզի սիրո մեջ կեղծավոր չլինենք: Խոսքը վերաբերում է նաև եղբայրական սիրուն: Այդ սերը շատ մեծ է, և մենք պետք է այդ սիրո մեջ մնանք:
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն: