ՕՐՎԱ ԽՈՍՔ

01.11.2021 / Սա իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան: Որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր: Որ աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց Նրա զորությունն ուրացած են. նրանցից էլ ետ քաշվիր: Բ Տիմոթեոս 3.1-5

Վերջին օրերում չար ժամանակներ են գալու: Պողոս առաքյալը գրում է, որ մարդիկ լինելու են եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան աստվածասեր:
Առնվազն կույր պետք է լինես, որ այսօր շուրջդ չնկատես այս ամենը: Աստվածաշունչն ասում է. «…նրանցից էլ ետ քաշվիր», այսինքն` մի՛ ընկերացիր այդպիսի մարդկանց հետ, որովհետև նրանք կարող են քեզ շեղել ճիշտ ճանապարհից:
Խոսքը չի վերաբերում անհավատներին, այլ նրանց, ովքեր «… աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց Նրա զորությունն ուրացած են»: Միգուցե նրանք ասում են, թե հավատում են Աստծուն, բայց երբ խոսում ես Տիրոջ զորության, հիվանդների բժշկության, մեռելների հարության, վերջին ժամանակների արթնության մասին, չեն ցանկանում լսել, նույնիսկ ծաղրում են քեզ:
Սիրելինե՛ր, այս վերջին ժամանակներում շատ կարևոր է ունենալ այնպիսի ընկերներ, ովքեր լցված են Տիրոջ զորությամբ և տարածում են Նրա Խոսքը:
Եկել է ժամանակը, որ ոչ միայն ասենք, թե հավատում ենք Աստծուն, այլև քայլենք Նրա զորության մեջ, որպեսզի կարողանանք մարդկանց փրկել այն մեղքերից, որոնց մասին այսօր կարդացինք:
Եղե՛ք օրհնված: Մի՛ ուրացեք Տիրոջ զորությունը: Ամե’ն: