Ինչպե՞ս ենք մենք արձագանքում՝ հայտնվելով այս կամ այն իրավիճակում: Սովորաբար, զգացմունքներն առաջ են ընկնում և մեզ դրդում սխալ քայլերի: Մինչդեռ ճիշտ որոշում կայացնելու համար հարկավոր է առանձնանալ «ներքին սենյակում», աղոթել և խորհել, որովհետև աղոթքի ժամանակ ձերբազատվում ենք ավելորդ զգացմունքներից և ի վիճակի ենք լինում սառը դատելու:

Աստված միշտ էլ օգտակար խորհուրդներ ունի Իր զավակների համար: Ուստի, երբ հայտնվում ես դժվարության մեջ կամ քեզ բամբասում, չարախոսում, հալածում են, երբեք ոչ մի քայլ մի՛ ձեռնարկիր զգացմունքների ազդեցության տակ:

Ես առիթներ եմ ունեցել՝ քարոզելու քրեակատարողական հիմնարկներում, որտեղ զրուցել եմ բանտարկյալների հետ և ինձ համար մի կարևոր հանգամանք պարզել. հանցագործներից միայն քչերն են նախապես ծրագրում իրենց արարքը, նրանց մեծ մասը հանցանք է գործում զգացմունքների ազդեցության տակ:

Սա ապացույց է, թե որքան կարևոր է որոշումներ կայացնել ոչ թե զգացմունքների թելադրանքով, այլ սառը դատողությամբ: Այդ ժամանակ կխուսափենք շատ ու շատ սխալներից:

Ինքներդ կարող եք վկայել ձեր կյանքից, թե որքան է պատահել, որ զգացմունքներով առաջնորդված ինչ-որ քայլ եք կատարել, իսկ հետո՝ դառնագին զղջացել:

Սիրելինե՛ր, եկեք ժամանակ չխնայենք աղոթելու և Աստծո Խոսքի շուրջ խորհելու համար, որովհետև Աստծո Խոսքը մեր լավագույն խորհրդականն է: Ամե՛ն: