«Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայի 9.6):

Արևմուտքում Սուրբ Ծննդյան տոնը նշվում է դեկտեմբերի 25-ին, իսկ մեզ մոտ` Հայաստանում, հունվարի 6-ին: Աստվածաշնչում նշված չէ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, հետևաբար, մեզ համար Աստծո Որդու ծննդյան խորհուրդն ավելի կարևոր է, քան` ստույգ օրը:

Սուրբ գիրքն ասում է, որ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Եսայի մարգարեն գրում է. “Մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց…”:

Աստված մեզ անգին նվեր տվեց. մենք ունենք սքանչելի և հզոր Աստված, Խորհրդական` խորհուրդներ տվող, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան:

Որոշ կրոնական կրազմակերպություններ չեն ընդունում, որ Հիսուսն Աստված է, բայց Սուրբ գրքում պարզ գրված է, որ Նա կկոչվի Հզոր Աստված:

Ուսադիրները մատնացույց են անում իշխանությունը կամ աստիճանը:

Քրիստոսն Իր ծննդյան օրից իշխանություն ուներ: Գրված է. «… իշխանությունը կլինի Նրա ուսի վրա…»:

Սիրելինե՛ր, բացե՛ք ձեր դռները Խաղաղության Իշխանի առջև, ընդունե՛ք Նրան ձեր հարկի տակ: Թո՛ղ Սուրբ Ծնունդը ձեզ հույս, հավատք և փրկություն բերի, որ հավիտենականության ճշմարիտ ժառանգորդներ դառնաք:

Եկեք այս տարի այնպես ապրենք և գործենք, որ հաջորդ տարի՝ Սուրբ Ծննդյան տոնին, համարձակորեն ասենք. «Տե՛ր, այն ամենը, ինչ այս տարի արել եմ, Քեզ եմ նվիրում: Թո՛ղ Քո անունը փառավորվի իմ կյանքում և այս աշխարհում»:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Ամե՛ն: